Ոստիկանապետը, գլխավոր դատախազը և քաղաքապետը կմասնակցեն կառավարության նիստերին միայն վարչապետի հրավերի դեպքում

Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ, նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որպես կանոն, դրանք հրավիրվում են շաբաթը մեկ անգամ: Այս մասին ամրագրված է e-draft.am կայքում արդարադատության նախարարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծում:

Նախագծում նշված է նաև, որ այդ նիստերին կարող են մասնակցել կառավարության անդամները: Այսինքն, քաղաքաապետը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, իսկ վերջերս ներկայացված օրենքի նախագծով նաև Մարդու իրավունքների պաշտպանը այլևս չեն մասնակցի կառավարության նիստերին: Նրանք կարող են ներկա գտնվել նիստին միայն վարչապետի հրավերով:

Նշենք նաև, որ կառավարության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է կառավարության անդամների կեսից ավելին, բացառությամբ այն նիստի, որի ժամանակ քննարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հարցը, որը իրավազոր է անկախ քվորումից:

Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների առնվազն մեկ քառորդը:

Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել Կառավարության նիստերին և նիստերից կարող են բացակայել վարչապետի համաձայնությամբ:

Նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, ինչպես նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա գտնվելու իրավունք ունեն կառավարության անդամները և վարչապետի որոշմամբ՝ այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության նիստերում քննարկման են ներկայացվում, մասնավորապես՝

  • օրենքների նախագծեր.
  • կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.
  • Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված այլ հարցեր:

Կառավարության նիստի օրակարգը վարչապետի ներկայացմամբ հաստատում է կառավարությունը: Մինչև օրակարգի հաստատումը կառավարության անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել դրա վերաբերյալ:

Կառավարության նիստի օրակարգում ներառվելիք հարցերը, որպես կանոն, նախապես քննարկվում են նախարարական կոմիտեներում, որոնց կազմը, կառուցվածքը, գործունեության շրջանակն ու կարգը սահմանվում են կառավարության աշխատակարգով:

Եթե վարչապետը գտնում է, որ կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա տվյալ հարցը կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման, եթե կառավարության անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:

Կառավարության նիստի օրակարգի հարցերը զեկուցվում են կառավարության անդամների, իսկ վարչապետի թույլտվությամբ՝ նրանց տեղակալների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների կողմից: Նիստը կարող է ընթանալ մինչև օրակարգի սպառումը:

Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Նիստերը կանցկացվեն դռնփակ: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:

Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել