ԱԺ «Ելք» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ

ԱԺ «Ելք» խմբակցությունը պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 21-ի նիստին քննարկման է ներկայացրել նոր նախագիծ՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ:

Նախագծում նշված է.

«Մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումների մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում,

Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,

Վրդովված լինելով, որ մինչև օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երևան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված  չեն և զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,

Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչև օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ`

1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»:

Խմբակցությունը օրենքի նախագծի հիմնավորման բաժնում նշել է, որ մարտի 1-ին լրանում է 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների տասը տարին. «2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ուժերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպտագույն խախտումներով ուժ գործադրեցին Երևանի Ազատության հրապարակում տասն օր անընդմեջ բողոքի խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների նկատմամբ։

Քաղաքացիների բողոքը հարուցել էր 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը, ընտրական տեղամասում ընդդիմադիր թեկնածուների, մասնավորապես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ բռնությունների գործադրումը։

Երբ 2008թ. մարտի 1-ի լուսաբացին ոստիկանության ուժերը ցրեցին Ազատության հրապարակի ցույցը, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խաղաղ հավաքը շարունակեցին Երևանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում, հույս ունենալով, որ այդ տարածքում գտնվող օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հերևանությամբ ոստիկանությունը ուժ չի գործադրի խաղաղ հավաքի նկատմամբ։

Այնուամենայնիվ, խաղաղ ցուցի վրա հարձակում գործելու ոստիկանության փորձերը շարունակվեցին, ինչը ցուցարարներին ստիպեց պաշտպանել իրենց օրինական իրավունքները։ Իրադարձությունների ընթացքում սպանվեց Հայաստանի Հանրապետության առնվազն 10 քաղաքացի։ Սպանոթյունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչեւ օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաեւ ապօրինի ուժի գործադրման հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել։

2008 թվականի Մարտի 1-ից հետո, ցույցերի ակտիվ մասնակից հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, նրանցից շատերը ձերբակալվել են, ավելի քան հարյուր ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ շինծու քրեական գործերով դատապարտվել են ազատազրկման։

2008 թվականի հոկտեմբերի 23-ին միջազգային հանրության եւ ընդդիմության ճնշման ներքո Սերժ Սարգսյանը ստիպված էր կարգադրություն ստորագրել Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին, որի նպատակը 2008 թվականի Մարտի 1,2-ի իրադարձությունների վերաբերյալ փաստեր հավաքելն էր։ Խումբը շատ արագ ցույց տվեց իր արդյունավետությունը, եւ 2009 թվականի հունիսին Սերժ Սարգսյանը ապօրինի կերպով լուծարեց խումբը` նաեւ այդպիսով խույս տալով Մարտի 1,2-ի իրադարձությունների ամբողջական բացահայտումից։

Սույն հայտարարության ընդունման նպատակն է` արտահայտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական գնահատականը 2008 թվականի Մարտի 1,2-ի իրադարձությունների, սպանությունների չբացահայտման, իշխանությունների կողմից իրականացված քաղաքական հալածանքների, Մարտի 1, 2-ի իրադարձությունների կարեւորագույն դրվագները կոծկելու իշխանության փորձերի, Մարտի 1-ի զոհերի հարազատներին, քաղաքական հետապնդումների ենթարկվածներին եւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման հետեւանքով տուժածներին արդարացի փոխհատուցում տրված չլինելու փաստին»։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել