Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարել է, որ կառավարության ընդունելությունների տունը, որը նախատեսված է որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր ընդգրկված է մասնավորեցման ծրագրում:
Նա նշել է, որ այս պահին վարչությունը պատրաստում է կառավարության որոշում՝ ընդունելությունների տունը լուծարելու մասին. «Այսինքն՝ դա չի նշանակում, որ եթե ինչ-որ ընկերություն մասնավորեցման ծրագրի մեջ է, պետք է անպայման մասնավորեցվի»:
«Այս դեպքում գնալու են լուծարման ճանապարհով: Ավելին ասեմ, ընդունելությունների տունը բավականին թանկ հաճույք է պետության համար»,-նշեց նա:
Նշենք, որ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ը կդառնա, իսկ վարչապետի նստավայրը տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում: Նշենք, որ այժմ Մաշտոցի պողոտա 47-ում տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը:
Օրենքի նախագծի համաձայն՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը:
Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները կտնօրինի նախագահը:
Նախագահը կունենա ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք): Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով:
Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ կահավորված գրասենյակ: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:
Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:
Եվգենյա Համբարձումյան