Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում դատարանը որոշմամբ բավարարում կամ մերժում է բողոքը:
Անձն անհապաղ ազատ է արձակվում, եթե՝
- առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, և չի հիմնավորվել այդ վտանգը չեզոքացնելու հնարավորությունը.
- դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալման դեմ բողոքը քննվել է կալանքի միջնորդության հետ միաժամանակ, և միջնորդությունը բավարարվել է:
Բողոքը բավարարելու դեպքում դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը և ձեռնարկում է հետևյալ ընթացակարգերից մեկը.
- խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց.
- անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:
Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում կայացված որոշման պատճենն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակտը կայացրած (կատարած) մարմնին, քննիչին և հսկող դատախազին:
Դատարանի կայացրած որոշումների դեմ բողոքները դատախազի, արգելանքի վերցված անձի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն, որոշում կայացրած դատարանի, ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով:
Սույն փոփոխությունները ուժի մեջ են մտել 2018թ. փետրվարի 10-ից:
Իրազեկման աղբյուրը՝ «ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենք (հոդված 23, ընդունված 16.01.2018թ.):