Ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը Կենտրոն և Նորք–Մարաշ վարաչական շրջանների քննչական բաժին է ստացվել։ Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրուցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ)»,- նշեց Սոնա Տռուզյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները Նուբարաշեն համայնքից ապակյա տարաներով կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան։ Նրանք այդկերպ փորձում էին խնդիրը բարձրաձայնել։ Տարոն Մարգարյանի սեղանին մոտենալիս իրարանցում էր սկսվել, ինչի ժամանակ նաև ներկաները քաշքշել էին միմյանց։

Դրանից հետո ավագանու «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև ծեծկռտուք էր եղել։ Հավելենք, որ փաստի առթիվ  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդագրություն էր տարածել, ոստիկանություն դիմել էին ինչպես նշված կուսակցության անդմաները, այնպես էլ քաղաքապետարանը։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել