Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝
ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Այս մասին է սահմանում ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածը:
Ամուսիններից մեկի նախաձեռնությամբ ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ: Դատարանն իրավունք ունի նաև կողմերին առաջարկելու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերով գործը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով վերջինիս էությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար:
Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները պնդում են ամուսնալուծվելու համար:
Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում:
Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում (ԶԱԳՍ) իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և նաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։
Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`
ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.
բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ բռնագանձվի.
գ) ամուսինների պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.
դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։
Եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ։
Եթե ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ անձանց շահերը, ապա ամուսիններն իրենց ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճը փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում ամուսնու գույքը բաժանելու հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:
Ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից:
Ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման:
Ամուսնալուծված ամուսինների նոր ամուսնության պետական գրանցում չի կատարվում առանց ամուսնալուծության վկայականի առկայության:
Դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու և դատարանի համապատասխան վճռի վերանայման դեպքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա ամուսնությունը կարող է վերականգնել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինը, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ամուսինը սահմանված կարգով նոր ամուսնություն է կնքել:
Եվգենյա Համբարձումյան