HSBC բանկի աշխատակից Արման Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու՝ 5 տարվա ընթացքում 23 միլիոն 428 հազար դրամ յուրացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը քննվում է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրական եզրակացության`Արման Մինասյանը հանդիսանալով HSBC բանկի աշխատակից, 2012թ. դեկտեմբերից մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար տիրացել է նույն բանկի անկանխիկ գործառույթների բաժնի մի շարք ներկայիս և նախկին աշխատակիցների բանկային ծրագրի մուտքի և փոխանցումներ կատարելու հնարավորություն տվող օգտատիրոջ անուններին և գաղտնաբառերին: Դրանք օգտագործելով իր աշխատանքային համակարգչով, բանկի այդ աշխատակիցների անուններով մուտք է գործել համակարգ և բանկի մի շարք հաճախորդներից միջնորդավճարներ է գանձել, այլ գործարքներ է կատարել ու համակարգչային տեխնիկայի գործադրմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 23 միլիոն 428 հազար դրամ:
Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: