Երբեմն գողություն, կողոպուտ, խարդախություն կամ հափշտակության այլ եղանակով անձին նյութական վնաս պատճառած հանցագործներն անվճարունակ են և նրանցից պատճառված վնասի հատուցում ստանալ հնարավոր չի լինում: Նման դեպքերում վնաս կրած անձինք ակնկալում են, որ պետությունը պարտավոր է հատուցել հանցագործությամբ իրենց պատճառված վնասը:
Սակայն, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր չէ հատուցել հանցագործությամբ պատճառած վնասը, անգամ եթե վնասի հատուցումը հնարավոր չէ ստանալ հանցագործությամբ վնաս պատճառած անձից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի սահմանում այնպիսի դրույթ, որի համաձայն պետությունը կրի հանցագործության հետևանքով վնաս կրած անձանց պատճառված վնասը հատուցելու պարտականություն: