Իսրայելի ոստիկանությունն առաջարկել է կաշառակերության և վստահության չարաշահման մեղադրանքներ ներկայացնել վարչապետ Բենյամին Նետանյահուին։ Սա վարչապետի քաղաքական ապագան կասկածի տակ է դրել: Այս մասին գրում է The Guardian-ը։
Ենթադրյալ կոռուպցիայի երկու դեպքի վերաբերյալ շուրջ 14 ամիս տևած հետաքննությունից հետո երկրի գլխավոր դատախազը, ապացույցները քննելուց հետո կորոշի, թե արդյո՞ք պետք է մեղադրանք առաջադրել նրան։ Այս որոշումն ընդունելու համար, հավանաբար, մի քանի ամիս կպահանջվի։
Ողջ երկիրն անհամբեր սպասում է գլխավոր դատախազի որոշմանը, իսկ զանգվածային լրատվամիջոցներում դիրքորոշում է արտահայտվում, թե սա կբերի վարչապետի հրաժարականին: Ոստիկանությունը վկայում է, որ ապացույցները բավական են վարչապետին կաշառակերության և վստահության չարաշահման մեղադրանքներով ձերբակալելու համար: Ոստիկանության հրապարակումից ժամեր անց, Նետանյահուն Երուսաղեմում մամուլի ասուլիս է հրավիրել և, բնականաբար, հերքել իր կողմից ենթադրյալ օրինազանց գործունեությունը և հրաժարականի մասին ասեկոսեները: Նա ասել է. «Այս ամենը ոչնչի չի հանգեցնի, քանի որ ես գիտեմ ճշմարտությունը: Եվ նորից կրկնում եմ ոչինչ չի ստացվի: Ես շարունակելու եմ պատվով և հավատով կառավարել Իսրայելը»:
Երուսաղեմում Նետանյահուի պաշտոնական նստավայրը վերջին երկու ամիսների ընթացքում մի քանի անգամ խուզարկվել է՝ կապված հիշյալ երկու քրեական գործերի հետ։
Գործերից մեկը վերաբերում է ստացված թանկարժեք նվերներին։ Նետանյահուն և իր ընտանիքի անդամները միջազգային մասշտաբի միլիարդատերերից թանկարժեք նվերներ են ստացել, այդ թվում՝ թանկարժեք սիգարներ, վարդագույն շամպայն և կանանց զարդեր: Նվիրատուների թվում են հոլիվուդյան ռեժիսոր Ահարոն Միլչանը և ավստրալացի գործարար Ջեյմս Պեկերը: Ոստիկանությունը պնդում է, որ Նետանյահուն Միլչանից ընդունել է շուրջ 750 000 շեկելին (150 000 ֆունտսթեռլինգ կամ 208 300 դոլար) համարժեք նվերներ, իսկ Պեկերից՝ 250 000 շեկելին (51 000 ֆունտսթեռլինգ կամ 70 822 դոլար) համարժեք նվերներ:
Մյուս գործն առնչվում է Իսրայելի առաջատար պարբերականի խմբագրի՝ Յեդիոտ Ահրոնոտի հետ գաղտնի զրույցը, որի ժամանակ Նետանյահուն իբրև խնդրել էր դրական լուսաբանել իրեն՝ վնասելով մրցակցին:
Ոստիկանապետ Ռոնի Ալշեչը անցյալ շաբաթ հայտարարել է, որ հետաքննությունը փակուղի է մտել, քանի որ Նետանյահուն անձնական քննիչներ է վարձել, ովքեր իրեն հետաքննող ոստիկանների դեմ նյութեր են հավաքում:
Թարգմանեց Շաքե Մարգարյանը