«Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում պատասխանատվություն է սահմանվում նաև այդ կազմակերպությունների կողմից օրենսդրության խախտումներ թույլ տալու համար:
Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել մի քանի դեպքերում: Օրինակ , եթե՝
ա) վարկային կազմակերպությունը ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.
բ) խախտվել են վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները.
գ) խախտվել են հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ.
դ) վարկային կազմակերպությունը չի կատարել Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականը.
ե) խախտվել են սույն օրենքի, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջները:
Վերոնշյալ դեպքերում վարկային կազմակերպությունը ենթարկվում է պատասխանատվության: Կենտրոնական բանկը վարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը՝
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
Վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կիրառվել նաև տուգանք, որի չափը չի կարող գերազանցել 1 միլիոն դրամը:
Այս պատժամիջոցների կիրառումը վարկային կազմակերպությանը չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
Վարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատժամիջոցները կիրառվում են սույն օրենքով և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Բացի այդ հիմքերից, վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե դրա գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացվել են կեղծ տվյալներ:
Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվելու պահից: