Հայաստանը կընտրի՞ աջակողմյան երթևեկությունը. քննարկվում է աջ ղեկ ունեցող մեքենաներին արգելքի մասին նախագիծը

Ազգայի ժողովում այսօր՝ փետրվարի 8-ին,  քննարկման է ներկայացվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը խորհրադարանի ամբիոնից հիշեցրեց, որ ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

Պատգամավոր Շուշան Սարդարյանը մինչ փոխնախարարին հարց ուղղելը նկատեց, թե արգելքի հիմնական մեկնաբանությունը երթևեկության անվտանգության ապահովումն է:

«Միևնույն ժամանակ, հասարակական սեկտորը հակափաստարկներ է բերում, որ արգելքը չի բխում անվտանգության խնդիրներից: Արդյոք այս որոշման հիմքում որևէ ուսումնասիրություն, վերլուծություն եղե՞լ է ոստիկանության, ապահովագրական կազմակերպությունների կողմից դժբախտ պատահարների մասով»,-հարցրեց նա:

Փոխնախարարն ասաց, որ վիճակագրական տվյալների մասով հստակ տեղեկություններ կան, թե քանի աջակողմյան ղեկային տրանսպորտային միջոց կա, և նրանց կողմից իրականացված խախտումները ևս հրապարակված են:

Մեկնաբանելով հոկտեմբերի 1-ի՝ վերջնաժամկետ հանդիսանալու փաստը՝, Գագիկ Գրիգորյանը նշեց, որ դա այն  6 ամիս ժամկետն է, որի ընթացքում Հայաստանը՝որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կկարողանա միակողմանիորեն որևէ ներմուծում արգելել:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել