Նոր փոփոխություններ և լրացումներ են կատարվել քաղաքացիական օրենսգրքում: Օրենսգիրքը լրացվել է 14.2 գլխով, որով կարգավորումներ են տրված հարևանային իրավունքի վերաբերյալ:
Նշված գլխի կանոնները կարգավորում են հարևանային հողամասերի կամ այլ անշարժ գույքի փոխադարձ ազդեցության, ջրօգտագործման, բաժանագծի անցկացման և հարևանների միջև ծագող այլ հարաբերություններ:
Նշենք, որ հարևանային է այն հողամասը կամ ցանկացած այլ անշարժ գույքը, որը որևէ եղանակով ազդեցություն ունի մեկ այլ հողամասի կամ ցանկացած այլ անշարժ գույքի վրա: ԻՆչպես նաև, հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերերը, ինչպես նաև օրինական տիրապետողները, բացի օրենքով նախատեսված իրավունքներից և պարտականություններից, ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն:
Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է: Սակայն եթե ազդեցությունը գերազանցում է նորմատիվներով սահմանված չափը և տվյալ տարածքին բնորոշ գույքի բնականոն օգտագործումը և չի կարող վերացվել ողջամտորեն, իսկ սեփականատերը ստիպված է հանդուրժել այն, ապա նա կարող է հարևան տարածքի սեփականատիրոջից պահանջել դրամական փոխհատուցում:
Փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշվում են կողմերի համաձայնությամբ: Համաձայնության չգալու դեպքում փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշում է դատարանը` հաշվի առնելով նաև փոխհատուցում տվող անձի գույքային դրությունը:
Հարևանային համարվող գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հարևանային համարվող գույքի տանիքից կամ օժանդակ շինությունից ջուրը, սառույցը կամ ձյունը չթափվեն հարևան հողամասի վրա:
Հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք հողամաս են անցել հարևան հողամասից այն դեպքում, երբ հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը նախապես պատշաճ ծանուցել է հարևան հողամասի սեփականատիրոջը և պահանջել հեռացնել իր հողամասից, սակայն ողջամիտ ժամկետներում միջոցներ չեն ձեռնարկվել:
Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ առձեռն փոխանցմամբ: Եթե ծանուցելն անհնար է, ներառյալ` եթե հարևանի փաստացի բնակվելու վայրն անհայտ է, ապա հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել սույն մասով նախատեսված գործողության կատարմանը:
Հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները համարվում են այդ հողամասի պտուղներ, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ:
Հողամասի սեփականատերն իրավունք ունի ցանկապատելու, պարսպապատելու կամ այլ բաժանագծի միջոցով (սույն գլխում այսուհետ` բաժանագիծ) սահմանազատելու իրեն պատկանող հողամասը կամ վերականգնելու արդեն գոյություն ունեցող, սակայն մաշված կամ վնասված բաժանագիծը: Բաժանագիծն անցկացնելու հետ կապված ծախսերը հարևանները որոշում են փոխադարձ համաձայնությամբ: Առանց մյուս հարևանի համաձայնության կատարված ծախսերը չեն հատուցվում:
Եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, և եթե վեճի արդյունքում անհնար է որոշել ստույգ սահմանը, ապա բաժանագիծն անցկացնելու համար որոշիչ է համարվում հարևանների փաստացի տիրապետումը: Եթե փաստացի տիրապետումը նույնպես անհնար է որոշել, ապա յուրաքանչյուր հողամասին օրենսդրությամբ սահմանված կարգով միացվում է վիճելի տարածքի հավասար մասը:
Օրենքն ընդունվել է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի փետրվարի 1-ից:
Եվգենյա Համբարձումյան