Տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշները վերացվում են

Մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկի պարագայում առանձին դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում նաև տնտեսվարող սուբյեկտները՝ փողոցներին հարակից հատվածներում տեղադրելով տրանսպորտային միջոցների կայանմանը խանգարող անօրինական արգելապատնեշներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այս իրավիճակը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով համատեղ հերթական ստուգայցն է կազմակերպվել, որի ընթացքում մի շարք փողոցներից առգրավվել են մետաղյա և պլաստմասե արգելապատնեշներ, իսկ տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանք է տարվել արգելապատնեշների տեղադրման հնարավոր բացասական հետևանքների (վթարներ, երթևեկի դժվարանցանելիություն և այլն) վերաբերյալ:

Միաժամանակ օրինախախտները զգուշացվել են, որ ապօրինությունը կրկնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության լծակներ:
Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում շարունակական բնույթ կկրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել