Այսուհետ Մեծ Բրիտանիայում ռուս օլիգարխները պետք է հիմնավորեն իրենց շքեղ ապրելակերպի աղբյուրները

Մեծ Բրիտանիայի անվտանգության և տնտեսական հանցագործությունների հարցերով նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ այսուհետ կոռուպցիայի մեջ կասկածվող ռուս օլիգարխները պետք է հիմնավորեն իրենց շքեղ ապրելակերպը։

Բեն Ուոլեսը «The Times»-ին հայտնել է, որ այժմ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում պաշտոնյաները կարող են կալանք կիրառել 50.000 ֆունտ սթերլինգը գերազանցող կասկածելի միջոցների նկատմամբ և հավելել, որ օտարերկրյա հարուստ հանցագործները իրենց վրա կզգան «իշխանության ողջ ուժը»:

Ըստ հաշվարկների՝ Մեծ Բրիտանիայում տարեկան մոտ 90 միլիարդ ֆունտ սթերլինգի անօրինական դրամական միջոցներ են «լվացվում»:

Հունվարի 31-ին ուժի մեջ մտած «Չհիմնավորված եկամուտների բացահայտման մասին» կարգը պահանջում է, որ հարուստները բացահայտեն իրենց եկամուտների աղբյուրները, եթե առկա է կոռուպցիոն միջոցներով դրանք ձեռք բերելու կասկած։

Կարգը պետական պաշտոնյաներին թույլ է տալիս կալանք կիրառել այդպիսի միջոցների՝ ներառյալ գույքի նկատմամբ, քանի դեռ դրանց ձեռք բերման աղբյուրը պատշաճ կերպով չի բացատրվել։

Նախարարը նաև հայտարարել է, որ այդ միջոցները միտված են դժվարացնելու ապօրինի հարստացած անձանց կյանքը։ Այնուհետև նա անդրադարձել է այսպես կոչված «Laundromat» գործին, որի շրջանակներում բացահայտված սխեմայի համաձայն, Միացյալ Թագավորությունում հիմնված և գործող կեղծ ընկերությունները օգտագործվել են Ռուսաստանից եկող դրամական միջոցները Արևմտյան բանկի միջոցով «լվանալու» համար։

«Կառավարությունը տեղյակ է թե ինչով են նրանք զբաղված, և մենք այլևս դա չենք հանդուրժելու», – ասել է նախարարաը։

Պատրաստեց Էդուարդ Մանուկյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել