Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը

Տրանսպորտային միջոցներում գովազդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ:
Տրանսպորտային միջոցների վրա, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, ինչպես նաև հասարակական անվտանգությունը, գովազդ կարող է տեղադրվել`

 

1) տրանսպորտային միջոցի տանիքի վրա. ընդ որում, եթե տեղադրվում են լրացուցիչ առարկաներ, ապա դրանք պետք է համապատասխանեն հետևյալ չափերին՝ երկարությունը՝ մինչև 1380 մմ, լայնությունը՝ մինչև 440 մմ, բարձրությունը՝ մինչև 370 մմ, իսկ գովազդային գրառումները և պատկերները պետք է իրականացվեն այդ առարկաների՝ թափքի երկայնական առանցքին զուգահեռ կողմերի վրա.

 

2) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների (նաև՝ միկրոավտոբուսների) թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը.

 

3) բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների թափքերի (այդ թվում` ֆուրգոնների) կողային մակերեսներին.

 

4) մոտոցիկլների վառելիքի բաքերի և գործիքային արկղերի կափարիչների վրա:

 

Գովազդը

 

· չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում ու վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցի վրա, ինչպես նաև չպետք է կատարել գրառումներ` թվանշաններ պարունակող բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների և ավտոբուսների (այդ թվում՝ միկրոավտոբուսների) թափքի հետնապատի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ տեխնիկական կանոնակարգերով, կամ ստանդարտներով նախատեսված դեպքերի:

 

· մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի թափքի ներկված մանրամասերի (դետալների) մակերեսի 50 տոկոսը:

 

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանի խոսքերով. «Գովազդի նպատակով չեն կարող oգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները: Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման (փակցնելու) տեղով չպետք է նման լինեն հատուկ և oպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններին»:

 

Գովազդի համար կարող են oգտագործվել լուսաանդրադարձնող էֆեկտներ ունեցող ծածկույթներ, նյութեր և տարրեր, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսաանդրադարձնող նյութերի:

 

Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերը, հաշվառման համարանիշերը, թափքի համարը, նույնացման համարը, տեղեկատվական գրառումները և նշանները:

 

Փաստաբանը հայտնում է նաև, որ «Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելու համար սահմանված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել