Ընտանիքում երեխաների հետ տեսակցությունների արգելքը խախտելու համար այսուհետ տուգանք կնախատեսվի

Նոր լրացում է կատարվել վարչական իրավախախտումների վերաբերյա օրենսգրքի 14.1-րդ գլխում՝ կապված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը ընտանիքում բռնություն գործադրած անձիկողմից դիտավորությամբ չկատարելու հետ:

Նոր, 206.15-րդ հոդվածը սահմանում է. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-8- րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով»:

Նշենք, որ օրենքը ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին, սակայն ուժի մեջ կմտնի միայն հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

Նշենք, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:

Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ապա այն ուժի մեջ է մնում մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն անհետաձգելի միջամտության որոշմամբ կիրառվելիք սահմանափակումներից է նաև ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ հաղորդակցվելու արգելքը:

Հիշեցնենք նաև, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը:

Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և խնամակալության ու հոգաբարձության մարմինը:

Անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը:

Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու և ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:

Որոշումը կայացվում է մինչև 6 ամիս ժամկետով և կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչև 3 ամիս ժամկետով:

Նույն հոդվածի 5-րդ մասի 6,7,8-րդ կետերի համաձայն պաշտպանական որոշմամբ կիրառվելիք սահմանափակումներից են նաև.
ա) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.

բ) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ,

գ) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել