Ի՞նչ նոր կարգավորումներ են սահմանված զինծառայողների բնակարանային ապահովության մասին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով

2017 թվականի նոյեմբերի 15-ին ընդունվել և 2017 թվականի դեկտեմբերի 16-ին ուժի մեջ է մտել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Նոր ընդունված օրենքի 65-րդ հոդվածը սահմանում է զինծառայողների բնակարանային ապահովության մասին նոր կարգավորումներ: Մասնավորապես՝

Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: Պայմանագրային զինծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս հաշվի են առնվում նաև նրա ընտանիքի հետևյալ անդամները.

1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված է նաև, որ զինծառայողների բնակարանային Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

 Նշված ծրագրերի վերաբերյալ օրենքը տեղեկություններ չի պարունակում և ծրագրերի, ինչպես նաև դրանց պայմանների և մանրամասների մասին կարելի է տեղեկություններ ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել