Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենին տիրապետելու մակարդակի ստուգման վերաբերյալ հրաման է ստորագրվել

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր հրաման է ստորագրել, որով կստուգվի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենին տիրապետելու մակարդակը:

Ստուգումն իրականացվելու է թեստավորման միջոցով, հարցաշարը կազմելու է ԿԳ նախարարությունը: Ինչպես նաև գրականության ցանկը կամ հղումները, Ազգային ժողովի ընտրության օրվանից առնվազն երկու ամիս առաջ պարտադիր կարգով տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում:

Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության մի քանի բաժիններ` հետևյալ հարաբերակցությամբ`

1) «Ուղղագրություն» – 35%.

2) «Ուղղախոսություն» – 35%.

3) «Բառագիտություն» – 30%:

Թեստավորումն անցկացվում է գրավոր` այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

Թեստավորման ընթացքում քաղաքացուն արգելվում է սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

Քաղաքացու ներկայությամբ Հանձնաժողովի անդամներից մեկը համակարգչի միջոցով ձևավորում է թեստ և այն ամփոփաթերթի հետ տրամադրում քաղաքացուն:

Թեստը բաղկացած է  30 առաջադրանքից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Առաջադրանքները կատարելու համար տրվում է 50 րոպե ժամանակ:

Թեստում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:

Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացին հրավիրվում է թեստավորման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է նրա հավաքած միավորները:

Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` հրապարակումից հետո երեսուն րոպեի ընթացքում, ինչպես նաև` վերադասության կարգով` ՀՀ կրթության և գիտության նախարարին:

Քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը տրամադրվում է այն դեպքում, երբ թեստավորման արդյունքում քաղաքացին հավաքել է առնվազն 27 միավոր, իսկ մինչև 27 միավոր ստանալու դեպքում քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքի տրամադրումը մերժվում է:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու քննության անցկացման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել