ՀԱՊԿ-ի ակադեմիան քաղաքի կենտրոնում իր հյուրանոցը կունենա

ՀՀ կառավարությունը առաջիկա նիստի ընթացքում որոշում կընդունի տարածք հատկացնել «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» ՓԲԸ-ին, որպեսզի ավարտին հասցնի կառույցին խպատկանող հյուրանոցի շենքի կառուցումը:

Նշենք, որ տարածքը գտվում է «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղում, 2013 թվականի օգոստոսի 29-ի N 917-Ա որոշմամբ լուծարվել է։ Նույն որոշմամբ դպրոցի մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ վերջինիս կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Դպրոցի մասնաշենքը,  1930-ական թվականներին կառուցված երեք հարկանի հողաշեն շենք էր, որը տևական ժամանակ էր ինչ գտնվում էր անմխիթար և ինքնափլուզված վիճակում և գտնահատվել էր որպես 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շինություն: Հիմնադրամն իր կողմից ներկայացրած ծրագրով նախատեսել է իր ֆինանսական միջոցներով կառուցել ՀՀ սեփականություն հանդիսացող ինքնափլուզված շենքը և այն օգտագործել գիտակրթական նպատակներով:

Այդ կրթական կառույցը նախատեսված է ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ, ինչպես նաև դրանից դուրս երկրներում մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու համար, բացի այդ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիական ծառայողները ևս հնարավորություն կստանան վերապատրաստվել այդ կրթական կառույցում:

Ներկայումս հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցված է վերգետնյա վեց հարկանի կրթական կառույցի մասնաշենքը, սկսվել են նաև հյուրանոցի կառուցապատման աշխատանքները և ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ սեփականություն հանդիսացող և հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 0.253 հա հողամասից 0.075015  հա հողամասը փոխանակել նույն տարածքում գտնվող հողամասից «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող  0.075015  հա հողամասի հետ, ինչպես նաև կրթական կառույցի վերջին երեք հարկի նկատմամբ ճանաչել հիմնադրամի սեփականության իրավունքը:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

Ակնկալվում է, որ Հերացի 2 հասցեում նախկին ինքնափլուզված շենքի փոխարեն կառուցված վեց հարկանի շինությունից ՀՀ սեփականությունը կհանդիսանա հիմնադրամի միջոցներով կառուցված երեք հարկանի շենք, ավելացված վերջին երեք հարկերի նկատմամբ հիմնադրամը ձեռք կբերի սեփականության իրավունք, իսկ շենքի զբաղեցված հողամասի նկատմամբ օրենքի ուժով հիմնադրամը ձեռք կբերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունք: Հողամասերի փոխանակության արդյունքում իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» ՓԲԸ-ն ավարտին կհասցնի հյուրանոցի (հանրակացարանի) շենքի կառուցումը:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ն կունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող շենքը` ՀԱՊԿ Ակադեմիա հիմնդրամի միջոցների հաշվին կառուցված և վերակառուցված, կպահպանվի շենքի և հարակից հողի սեփականության իրավունքը, հիմնադրամն իր հերթին կստանա իր սեփական միջոցների հաշվին կառուցված շենքի մի մասի սեփականությունը, փոխանակման արդյունքում իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցվող հյուրանոցի (հանրակացարանի) շենքի նկատմամբ «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» ՓԲԸ-ն ձեռք կբերի սեփականության իրավունք, կհստակեցվեն հողերի սահմանները` այս ամենի արդյունքում երաշխավորելով ժամանակակից կրթական կառույցի և նրա հյուրատան կառուցումը` երաշխավորելով Երևանի կենտրոնական մասերում ժամանակակից ճարտարապետական նկարագրով կրթական համալիրի գործունեությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել