Նոր նախագիծ՝ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը:

Նախագահ

Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը: Աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը:

Աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:

Պաշտոնաթող հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

Նախագահի նստավայրը  Երևանում է (հասցեն՝ Մաշտոցի 47), ծառայողական առանձնատուն նույնպես (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք):

Պետական ամառանոցը կգտնվի Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք): Նախագահին կտրամադրվի նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Պաշտոնաթող հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից: Գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավել, քան երեք  հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:

Պաշտոնաթող  նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, նրան կնշանակվի նաև հատուկ կենսաթոշակ  սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

Պաշտոնաթող նախագահը  նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի բացասական տարբերությունը:

Վարչապետ

Իսկ վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, այն չի կարող գերազանցել 600-ը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով:

Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:

Վարչապետի նստավայրը կդառնա Բաղրամյան 26-ը: Նրան կտրամադրվի ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Վարչապետը կստանա նաև հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ազգային ժողովի նախագահ

Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել նաև ծառայողական առանձնատուն Երևանում:

Օրենսդրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 50 միլիոն դրամի չափով:

Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը:

Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից:

Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել