Այսօր՝ հունվարի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց Անվտանգության խորհրդի գործունեության, լիազորությունների և կազմի հաստատման մասին։ Նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղման մեջ է։
Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն: Սակայն, 2015 թ-ի Սահմանադրական փոփոխություններով նոր իրավակարգավորումներ են սահմանվում՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի և ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով՝
- ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները.
- սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը.
- կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները.
- նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը.
- կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
Նշենք, որ այսպիսով Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու`
- վարչապետը,
- առաջին փոխվարչապետը,
- փոխվարչապետները,
- Անվտանգության խորհրդի քարտուղարը,
- պաշտպանության նախարարը,
- արտաքին գործերի նախարարը,
- ազգային անվտանգության ծառայության տնօրենը,
- ոստիկանության պետը։