Գործադիրի հերթական նիստի ժամանակ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն իր դժգոհությունը հայտնեց, որ կառավարության անդամները նորից հին ձևով են սկսում աշխատել։
Սա ասվեց այն ժամանակ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ներկայացնում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, լրացուցիչ 3 օր խնդրեց։
Վարչապետն ասաց. «Դե՜, էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը։ Երեք օր, մեկ օր, երեք օր, եկեք առանց այդ հարցերի, ճիշտ է մենք այսօր էքստրեմալ ռեժիմով ենք աշխատում, որ Սահամանդրությանը համապատասխանեցնենք, բայց դա ռեգուլյար չի կարող լինել չէ՞»։
Անմիջապես հետո կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց հաջորդ նախագիծը՝ «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների մասին՝ կրկին խնդրելով լրացուցիչ ժամանակ՝ խմբագրական հարցերի համար։
Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Այ էդ զուտերը, այնպես արեք, որ չլինի, երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ… Բոլոր այդ դիտողությունները կառավարության նիստին են արվում, հնարավոր չէ՞ մինչև այդ անել»,-ասաց նա և նշեց, որ բոլորը կառավարության նիստին են արվում:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեկ այլ նախագիծ ներկայացնելիս ևս 2 օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը ավարտին հասցնելու համար։ Նա նախապես հայցեց գործադիրի ղեկավարի ներողամտությունը։ Վարչապետ ոչինչ չասաց: