Կառավարության 2018 թ-ի առաջին նիստի ժամանակ՝ հունվարի 11-ին գործադիրը կքննարկի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը։
Նախագծի համաձայն առաջարկվում է աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվություն տալու կարգավորման մեջ։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում գործատուն աշխատանքը շարունակելու նախապատվությունը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթին համապատասխան` կտրամադրի ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնց համար կապահովվի աշխատանքից չզրկվելու` օրենքով երաշխավորված հնարավորությունը:
Համանման առաջարկություն ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
Առաջարկը քննարկվել է սոցիալական գործընկերների, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների հետ և համաձայնեցված լուծումներով ներառվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում:
Այն առաջիկայում ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: