Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ամանորյա ուղերձում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ և նշել է այն սպառնալիքները, որոնք ծառացել են մարդկության առջև: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ միջուկային զենքի հարցում համաշխարհային մտահոգությունը ներկայումս ամենաբարձր մակարդակի է հասել սառը պատերազմից ի վեր:
«Կլիման ավելի արագ է փոխվում, քան մենք հասցնում ենք գործել, աճում է անհամաչափությունը: Մենք տեսնում ենք մարդու իրավունքների թափ առնող խախտումներ, ազգայնամոլության եւ քսենոֆոբիայի աճ»,-նշել է Գուտերիշը:
Նրա կարծիքով՝ աշխարհը մեկ քայլ ետ է կատարել, բայց այն կարելի է դեռևս ապահով դարձնել, եթե համաշխարհային առաջնորդները համախմբվեն:
Դեկտեմբերի կեսերին The National Interest ամսագիրը հրապարակել էր երկրների և տարածաշրջանների ցանկը, որոնք 2018 թվականին կարող են հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Այն կազմվել էր ԱՄՆ-ի պաշտպանական և ազգային անվտանգության հարցերով մասնագետ Ռոբերտ Ֆարլի կողմից:
Նրա կարծիքով՝ աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանը այժմ Կորեական թերակղզին է: Ցուցակում ընդգրկված են նաեւ Թայվանը, Ուկրաինան, Թուրքիան և Պարսից ծոցը: