Դատարանը անձին կալանավորելու մասին որոշում կայացնելիս ղեկավարվել էր գոյություն չունեցող նորմով. Տիգրան Սաֆարյան

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է տարվա ձեռքբերումների, բացթողումների և տարվա լավագույն փաստաբանների մասին:

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականըի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-Տարին կարելի է առանձնացնել որպես բազմաթիվ հնչեղություն ստացած դատական գործերի տարի, որոնց արդար լուծումը կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի իրավական համակարգի համար: Որպես ձեռքբերում կարելի է նշել Քրեական վերաքննիչ դատարանի դատավորների կազմի շեշտակի թարմացումը, իսկ որպես բացթողում՝ Վճռաբեկ դատարանի գործելաոճում փոփոխությունների բացակայությունը:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

Կարող եմ առանձնացնել իմ գործընկերներից լավագույն երկուսին՝ Ռուբեն Հակոբյանին և Գեղամ Հակոբյանին, ովքեր շարունակեցին փայլուն կերպով կատարել իրենց աշխատանքը:

Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Դատարանը անձին կալանավորելու մասին որոշում կայացնելիս ղեկավարվել էր արդեն գոյություն չունեցող Սահմանադրության նորմով: Դատավորը հավանաբար դեռ չգիտեր, որ տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ: 

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Նախորդ հարցի պատասխանում նշված նման ցածր մասնագիտական որակ ունեցող դատավորի պաշտոնավարման շարունակությունը:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Կնախընտրեի, որ Ձմեռ պապը շարունակեր իր բարի գործը և դրանից լավ պաշտոն դժվար թե նրան կհետաքրքրի:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Նշում եմ ընտանիքիս և մտերիմներիս հետ միասին:

 Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Այդ առումով բախտս բերել է, կինս շատ համեղ է պատրաստում և թխում, հետևաբար, խոհանոցում պատրաստողի դերում հայտնվում եմ շատ հազվադեպ, երբ ազատ ժամանակն ու լավ տրամադրությունը համատեղվում են:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ակնկալիքները կախված կլինեն մեր բոլորի աշխատանքից: Եթե արդյունավետ աշխատենք, ապա կմոտենանք արդար իրավական համակարգ ունենալու մեր երազանքին:

Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ճիշտն ասած Ձմեռ պապն արդեն վաղուց հանել է ինձ իր շահառուների ցուցակից, իսկ երեխաների ու նրա միջև նամակագրությանը միջամտելու իրավունք չունեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել