Փաստաբան Տիգրան Սաֆարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է տարվա ձեռքբերումների, բացթողումների և տարվա լավագույն փաստաբանների մասին:
–Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-Տարին կարելի է առանձնացնել որպես բազմաթիվ հնչեղություն ստացած դատական գործերի տարի, որոնց արդար լուծումը կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի իրավական համակարգի համար: Որպես ձեռքբերում կարելի է նշել Քրեական վերաքննիչ դատարանի դատավորների կազմի շեշտակի թարմացումը, իսկ որպես բացթողում՝ Վճռաբեկ դատարանի գործելաոճում փոփոխությունների բացակայությունը:
–Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
–Կարող եմ առանձնացնել իմ գործընկերներից լավագույն երկուսին՝ Ռուբեն Հակոբյանին և Գեղամ Հակոբյանին, ովքեր շարունակեցին փայլուն կերպով կատարել իրենց աշխատանքը:
–Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր) :
-Դատարանը անձին կալանավորելու մասին որոշում կայացնելիս ղեկավարվել էր արդեն գոյություն չունեցող Սահմանադրության նորմով: Դատավորը հավանաբար դեռ չգիտեր, որ տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ:
–Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
-Նախորդ հարցի պատասխանում նշված նման ցածր մասնագիտական որակ ունեցող դատավորի պաշտոնավարման շարունակությունը:
–Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Կնախընտրեի, որ Ձմեռ պապը շարունակեր իր բարի գործը և դրանից լավ պաշտոն դժվար թե նրան կհետաքրքրի:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Նշում եմ ընտանիքիս և մտերիմներիս հետ միասին:
–Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Այդ առումով բախտս բերել է, կինս շատ համեղ է պատրաստում և թխում, հետևաբար, խոհանոցում պատրաստողի դերում հայտնվում եմ շատ հազվադեպ, երբ ազատ ժամանակն ու լավ տրամադրությունը համատեղվում են:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
-Ակնկալիքները կախված կլինեն մեր բոլորի աշխատանքից: Եթե արդյունավետ աշխատենք, ապա կմոտենանք արդար իրավական համակարգ ունենալու մեր երազանքին:
–Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
-Ճիշտն ասած Ձմեռ պապն արդեն վաղուց հանել է ինձ իր շահառուների ցուցակից, իսկ երեխաների ու նրա միջև նամակագրությանը միջամտելու իրավունք չունեմ: