Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բոլորը պետք է հարկերը վճարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ խոսելով մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռներեցների Ազգային ժողովի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի մասին:
Նրա խոսքով՝ առևտրականները ցույց կազմակերպելով ոչ մի դեպքում չեն խուսափի հարկերից:
«Դա բացառվում է, չի լինելու: Այդ առևտրականների հետ ուրբաթ օրը հանդիպում է եղել, մանրամասն բացատրվել է, թե ինչ պետք է անեն: Եթե մանիպուլյացիայի միջոցով փորձում են խուսափել հարկերից, ապա կարող են համոզված լինել, որ դա չի լինելու: Կոշտ վարչարարություն է լինելու»,-նշել է նա:
ՊԵԿ նախագահի նշում է, որ կոմիտեն առաջարկել է նրանց անվճար հաշվապահություն, եթե ինչ-որ խնդիրներ են առաջ գալիս փաստաթղթերի հետ կապված, բայց նրանք հրաժարվել են. « Որովհետև չեն ուզում ապրանքաշրջանառությունը ցույց տալ: Կան մարդիկ, որոնք թաքնվելով անապահով կամ սոցիալապես վատ վիճակում գտնվող խավի տակ, ունենալով մեծ հնարավորություններ՝ մարդկանց ուղղորդում են նման քայլերի»:
Վարդան Հարությունյանի նշում է, որ մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, որի դեմ պետք է պայքարել:
Հիշեցնենք, որ մի խումբ անհատ ձեռներեցներ այսօր բողոքի ցույց են անցկացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են իրենց չենթարկել հարկային տեռորի:
«Ենթադրենք, երբ Չինաստանից ապրանքը գալիս ա, մենք 5,5 դոլար մենք կիլոյի համար վճարում ենք «Կարգոյին», ինքը դրանից վճարում ա պետությանը: Իսկ երբ մենք ենք ապրանքը վաճառում 1,5 տոկոս էլ ամսվա վերջում հարկայինին ենք տալիս, եթե փաստաթուղթ չունենք արդեն 5,5 տոկոս պիտի վճարենք: Բոլորս տենց ենք աշխատում, ուրիշ տարբերակ չկա: Հիմա երբ պահեստից ապրանք ենք բերում խանութ, ճանապարհին բռնում 240.000 տուգանում են: Մենք պիտի հաշվապահներ ունենանք, էլեկտրոնային հաշիվ լրացնենք, որ երևա հարկայինում՝ պահեստից բերում եմ խանութ: Նույնիսկ եթե 100 դրամի ապրանք ես պահեստից բերում, մեկ ա, տուգանում են»,-նշում է ցուցարարներից մեկը: