ՀՀ քննչական կոմիտեն և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը:
Այսպես՝ ըստ վիճակագրական տվյալների՝ 2015-2016 թվականների ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Կարելի է փաստել, որ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:
Ընդ որում, 2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, էապես ավելացել են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը (ՀՀ քր. օր. 141-րդ և 142-րդ հոդվածներով), ինչը պահանջում է երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացնել առավել արդյունավետ միջոցներ՝ իրազեկելով երեխաներին և նրանց ծնողներին կամ երեխայի խնամքով կամ դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց՝ դեպքերի կանխմանը և բացահայտմանը նպաստող գործողությունների և հնարավոր մեթոդների մասին: Իսկ հաշվի առնելով, որ տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են, անհրաժեշտ է այդ տարիքի երեխաների միջավայրում կազմակերպել հատուկ կանխարգելիչ և բացատրական դասընթացներ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով կարճված քրեական գործերի թվի նվազումը վկայում է, որ քննիչներն առավել հանգամանորեն են սկսել իրականացնել այդ գործերի քննությունը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները:
2015թ.-ին սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 95 անձ՝ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 82-ն ազգությամբ հայ, 11-ը՝ եզդի, իսկ 2-ը՝ պարսիկ, իսկ 2016թ.-ին որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 113 անձ՝ բոլորն արական սեռի ներկայացուցիչներ, 99-ը՝ ազգությամբ հայ, 12-ը՝ եզդի, 1-ը՝ ռուս, 1-ը՝ մոլդովացի:
2016թ.-ին 157 քրեական գործով տուժող է ճանաչվել 162 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 151-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 147-ն ազգությամբ հայ էին, 14-ը՝ եզդի, 1-ը՝ մոլդովացի: Տուժողներից 160-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, 1-ը՝ Ռուսաստանի Դաշնության, իսկ 1-ը՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի: 2015 թ.-ին 131 քրեական գործերով տուժող է ճանաչվել է 142 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 131-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 131-ն ազգությամբ հայ էին, 10-ը՝ եզդի, իսկ 1-ը` մարի: Տուժողներից 141-ը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ 1-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Այսինքն՝ տուժողների մեծամասնությունը կանայք են (ընդհանուր տուժողների 92.7%), Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ (ընդհանուր տուժողների 99%):
2016թ.-ի գործերով տուժողների տարիքը տատանվել է 5 տարեկանից 74 տարեկանը, իսկ 2015թ.-ին` 4-ից 62: Սակայն տուժողների մեծամասնությունը 15 տարեկան էին (ընդհանուր տուժողների 30%), իսկ 14-16 տարեկան տուժող երեխաները կազմում էին ընդհանուր տուժողների գրեթե կեսը (ընդհանուր տուժողների 48%):
Ամփոփման արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ տուժողների իրավունքներն առավել արդյունավետ պաշտպանելու համար:
Կից ներկայացում ենք ուսումնասիրության արդյունքներն ամբողջությամբ՝ «2015-2016 թվականների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները»: