Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ ներկայացվել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված մի շարք ծրագրերի արդյունքները:
«Հաջորդ տարի մենք շարունակելու ենք աջակցությունը: Այս ժողովի ժամանակ մենք կքննարկենք այն ձեռքբերումները, որոնք եղել են ընթացող տարում և պլանները՝ 2018 թվականի համար»,-նշեց Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում վերջապես ավարտին է հասցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագիծը:
2015-2017 թթ. «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո, հատուկ ուշադրություն է դարձվել երկրում ընտրական գործընթացների բարելավմանը, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին, հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին:
Միջոցառման ներկաները կոչ արեցին աջակցությունն ուժեղացնել նաև բարձրագույն կրթության ոլորտում:
Նշված ծրագրերը ֆինանսավորվել են ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվել են Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրերի ընդհանուր բյուջեն 2.4 մլն եվրո է: Բացի հատուկ Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերից, Հայաստանը նաև մասնակցում է մի քանի երկրներ ընդգրկող 14 տարածաշրջանային նախաձեռնությունների:
Անդրադարձ է կատարվել հատկապես հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների ամրապնդմանը, բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում ընթացող դատական բարեփոխումների իրականացմանը, և այլն:
Ալիսա Չիլինգարյան
Ալեքսանդր Սարգսյան