Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով քրեական գործ չի հարուցվել. ՀՔԱՎ-ը բողոք է ներկայացրել Դատախազություն

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշումից:

Նշենք, որ Մարինա Պողոսյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտումը» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակ է, որի ընթացքում իրավապահ մարմնի ներկայացուցիչները հետևում են անձին, վերահսկում նրա գործողությունները իր բնակարանում և արձանագրում դիտման արդյունքները: Դա կարելի է իրականացնել ինչպես հատուկ տեխնիկական սարքերի միջոցով, այնպես էլ առանց դրանց:

Ընդ որում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ և անհրաժեշտ տեղեկատվությունն ուրիշ որևէ միջոցով ձեռք բերել հնարավոր չէ:

Դատարանը Մարինա Պողոսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու որոշում կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա, կասկածյալի կարգավիճակ չի ունեցել:

Իրականացված գործողության մասին Մարինա Պողոսյանն իմացել է միայն իր նկատմամբ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թ. օգոստոսին:

Իսկ Մարինա Պողոսյանի՝ 2016 թ. օգոստոսի 17-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմանը 2017 թ. օգոստոսի 15-ին արձագանքել էր ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հակոբյանը: Նա կասկածյալի կարգավիճակ չունեցող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնելը իրավաչափ էր համարել՝ պնդելով, թե «կասկածյալ» և «կասկածվում է» հասկացությունները նույնը չեն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկրորդ անգամ ՀՀ Գլխավոր դատախազություն է դիմել 2017 թ. օգոստոսի 22-ին, դիրքորոշում հայտնել այն մասին, որ ՀՀ Ոստիկանությունը այն կառույցը չէ, որ պետք է պատասխաներ ՀՀ Գլխավոր Դատախազությանն ուղղված հաղորդմանը և պահանջել է տրամադրել հաղորդման հիման վրա կայացված որոշումը: Որից հետո էլ ստացվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 2017թ. սեպտեմբերի 19-ի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել