Քաղաքապետը պարգևատրել է գրադարանավարներին

Գրադարանավարի օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանային համակարգի աշխատակիցներին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այն առաքելությունը, որն իրականացվում է գրադարանային համակարգի աշխատակիցների կողմից՝ հատկապես մատաղ սերնդի շրջանում գրի ու գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունը պահպանելու ուղղությամբ:

«Ձեր առաքելությունը կարևորելով` մենք ծրագրային հստակ մոտեցում ցուցաբերեցինք և կարողացանք ամբողջությամբ լուծում տալ համայնքային գրադարանների պայմանների բարելավման տասնամյակների խնդրին: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքի գրադարանների արդիականացման, համալրման և տեխնիկական հագեցվածության ապահովման ծրագրերը, որպեսզի թե՛ ձեր և թե՛ գրադարանային ծառայություններից օգտվող մեր համաքաղաքացիների համար ապահովվեն լիարժեք պայմաններ», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բոլորին մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Գրադարանավարի օրվա առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար «Նոր Նորքի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Նազենի Արզումանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համակարգի մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել