Վարդան Հարությունյանն ուշադրություն է հրավիրել 2017թ. տարեսկզբից երկարատև օգտագործման ապրանքների ներկրման աճի ցուցանիշին, որն, ըստ նրա, տնտեսության դրական միտումներն է փաստում՝ բնակչության գնողունակության աճից մինչև մաքսային վարչարարության բարելավում. «Երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը նպաստելու կառավարության ծրագրի շրջանակում կոմիտեն բարեփոխումներ է նախաձեռնել: Մասնավորապես՝ պարզեցվել է արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը, և կրճատվել է ժամկետը՝ մինչև 20 մլն դրամ հայտերի դեպքում 90 օրից դառնալով 4 օր: Դա ինչպես կառավարության 30.03.2017թ. թիվ 333-Ն որոշման կիրարկման, այնպես էլ կոմիտեի լրացուցիչ ջանքերի արդյունք է»: Որոշման՝ ուժի մեջ մտնելուց սկսած մինչև սեպտեմբերի 30-ը պարզեցված ընթացակարգով մինչև 20 մլն դրամ գումարի վերադարձի հայտերով 89 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 1 մլրդ 73 մլն դրամ ԱԱՀ-ի գումար: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձված գումարը, ընդհանուր առմամբ, 2017թ. 9 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 41 մլրդ դրամ, ինչն ավելի քան 21%-ով կամ ավելի քան 7 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը: «Հատկանշական է, որ օրենքով նախատեսված մինչև 180 օրվա ընթացքում վերադարձնելու փոխարեն ԱԱՀ-ի գումար¬ները փաստացի վերադարձվել են 67 օրվա ընթացքում, այն դեպքում, երբ 2016թ. միջին ժամկետը 99 օր է կազմել»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը՝ հիշատակելով նաև Ազգային ժողովի քննարկմանը կոմիտեի ներկայացրած 2 փոփոխությունները. «Նախատեսվում է մեքենասարքավորումների և հումքի ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ի վճարումից և արտահանողներից բացի ԱԱՀ վերադարձնել նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին, ինչը բիզնեսին ներդրումների արագ հետգնման ու շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն կընձեռի»:
Առաջիկա աշխատանքներին անդրադառնալիս ՊԵԿ նախագահը նշել է, որ մաքսային և հարկային գործընթացների էլեկտրոնայնացումը շարունակվելու է. «Ներդրվելու է հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջե վճարվող հարկային եկամուտների վճարման մեկ միասնա¬կան հաշիվ, մշակվելու է կենտրոնական գանձապետարանից ստացված տվյալների ավտոմատացված գրանցման մոդուլ, որը հնարավորություն կընձեռի ավտոմատացնել հարկերի, մաքսային տուրքերի և հատուկ հաշիվներին իրականացված վճարումների մասին տեղեկատվությունը՝ առանց օգտվողի անմիջական մասնակցության»: Վարդան Հարությունյանը կարևորել է նաև երրորդ անձանց տեղեկությունների մշակման ենթահամակարգի գործարկումը, որով ավտոմատացվելու են գույքի և գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, ՀՀ-ից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի, ստուգող մարմինների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, պահպանումը և այլ ենթահամակարգերում դրանց կիրառումը: