Ցանկացած տնտեսվարող, ով ուզում է ապրանք ներկրել երկիր, ձեռքերը ազատ է, կարող է ինքը ցանկացած բեռնափոխադրողի հետ կազմել պայմանագիր կամ անձամբ այդ գործունեությունն իրականացնել, դաշտը բաց է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ տարին հատկանշվեց կառուցվածքային փոփոխություններով: Ըստ այդ փոփոխությունների՝լուծարվել են հարկային տեսչությունները, փոխարենն ստեղծվել են 3 վարչություններ:
«Գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը: Մեր երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը նպաստելու կառավարության ծրագրի շրջանակում կոմիտեն բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք ուղղված են ներդրումային գրավչության բարելավմանը և արտահանման խթանմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը: Մասնավորապես՝ պարզեցվել է արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը, և կրճատվել է ժամկետը (90 օրից դառնալով 4 օր՝ մինչև 20 մլն դրամ հայտերի դեպքում), ինչպես կառավարության որոշման կիրարկումն ապահովելու, այնպես էլ կոմիտեի լրացուցիչ ջանքերի շնորհիվ»,-նշեց նա:
ՊԵԿ-ի նախագահը նշեց նաև, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի արմատական 2 փոփոխություն, որոնցով բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: 2017թ. 9 ամիսների ընթացքում արտահանումը ավելացել է 21.9 տոկոսով, իսկ ներմուծումը` 30 տոկոսով:
«Ինձ թվում է, որ սա լավ ցուցանիշ է, և այս ցուցանիշների մեջ գործուն մասնակցություն ունի նաև ՊԵԿ-ը, որը մաքսային վարչարարությունն ավելի է հեշտացրել»,-ասաց նա: