Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդում /այսուհետ՝ Խորհուրդ/ ընդգրկվելու նպատակով համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանութուն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գործարար շահերը ներկայացնող միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել դիմում և իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն` [email protected] հասցեով կամ փաստաթղթերն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ (Հասցե` Կառավարական տուն 1, 0010 Հեռ. 011-597-219):
Դիմումների ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի հոկտեմբերի 9-ը,հայտնում է Կրթության և Գիտության նախարարության պաշտոնական կայքը:
Խորհրդի կազմում` որպես կրթության ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպության, ինչպես նաև գործարար միավորումների ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն են ծավալում տեսչական մարմնի կողմից վերահսկողություն իրականացվող ոլորտներում առնվազն 1 տարի,
2) երեք տարի ներկայացնում են կրթության ոլորտում քաղաքացիների շահերը:
Խորհրդի կազմում` որպես կրթության ոլորտի գիտական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն գիտական կազմակերպությունները, որոնք՝
1) համապատասխան գործունեությամբ են զբաղվում ոչ պակաս, քան 5 տարի,
2) չեն հանդիսանում լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի վերահսկողության բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատող: