Երթևեկության կազմակերպման մի քանի փոփոխություններ կլինեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:

Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում՝ Դավիթ Անհաղթի փողոցի կողմից դեպի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Տիգրանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Իսկ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկների հատվածներում՝ Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկների երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Գրիբոյեդովի և Վրացական փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել