Քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանը շահադիտական նպատակով և անձնական դրդումներով կազմել է ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որին օժանդակել է Աբովյան քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանը:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանն իր ընկերուհի Իրա Խուդիյանի հետ անձնական հարաբերությունները պարզելու նպատակով, 18.09.2015թ.-ին նրան տարել է Վերի Պտղնի գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիր: Այնտեղ վերջիններիս միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո, Ա. Միրզոյանը, բանալու միակ օրինակով փակել է հյուրանոցի սենյակի դուռն ու հեռացել, ընկերուհուն` նրա կամքին հակառակ, արգելափակելով հիշյալ սենյակում: Իրավիճակից դուրս գալու այլ ելք չգտնելով` Ի. Խուդիյանը ցատկել է սենյակի պատուհանից և մարմնական վնասվածք ստանալով, կարողացել է հեռանալ նշված վայրից: Այնուհետև, դեպքի վերաբերյալ Ի. Խուդիյանի հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որով վարույթն իրականացրել է ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանը: Քննության ընթացքում իրեղեն ապացույց են ճանաչվել գործով տուժող Ի. Խուդիյանի անձնական իրերը, այդ թվում` 1600 ԱՄՆ դոլարը, սակայն քննիչ Վ. Ալեքսանյանը, նշված գումարից մի մասը վերջինիս չվերադարձնելու շահադիտական նպատակով, ինչպես նաև քրեական գործի քննության ընթացքում իր հետ մտերմացած Արմեն Միրզոյանի հետ հարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով, նրա օժանդակությամբ կազմել է կեղծ բովանդակությամբ արձանագրություն, որում ակնհայտ սուտ գրառում է կատարել, թե իբրև 1600 ԱՄՆ դոլարն ամբողջությամբ վերադարձրել է գործով տուժողին, մինչդեռ իրականում այդ պահին վերադարձրել է միայն 900 ԱՄն դոլարը:
Բացի այդ, արձանագրություն կազմելը հեշտացնելու և այն օրենքին համապատասխան կազմված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, քննիչ Վ. Ալեքսանյանը դրանում ներառել է նաև իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ դատավարական գործողությանը ընթերակաների մասնակցության վերաբերյալ: Ընդ որում, այդ հարցում նրան օժանդակել և տեղեկատվություն է տրամադրել Ա. Միրզոյանը: Մասնավորապես, որևէ ընթերակայի փաստացի չմասնակցելու պարագայում, արձանագրության մեջ որպես ընթերականեր նշվել են Ա. Միրզոյանի մտերիմների տվյալները:
Այսպիսով, Ի. Խուդիյանին ապօրինի ազատությունից զրկելու և պաշտոնեական կեղծիքին օժանդակելու համար Ա. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քննիչ Վ.Ալեքսանյանին պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: