Նոտարը և ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը պարտավոր է պահպանել գաղտնիության սկզբունքը

Նոտարը և քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինները մատուցում են հանրային ծառայություններ, որի ընթացքում իրազեկվում են քաղաքացու կողմից ներկայացրած փաստաթղթերից բխող որոշակի տեղեկությունների:
Նշված հանգամանքը նկատի ունենալով` օրենքը սահմանել է պարտադիր նորմ, այն է` նոտարին և քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինների աշխատակիցներին` օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելիս հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
Բացի այդ, նշված մարմիններում քաղաքացիներին ծառայություններ պետք է մատուցվեն կոնֆիդենցիալ պայմաններում` այնպես, որպեսզի այլ քաղաքացիներ պատահմամբ չտեղեկանան այլ անձանց կյանքին վերաբերող տեղեկություններին:
Նոտարը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Այդ պարտականությունը պահպանվում է նաև նոտարի` աշխատանքից ազատվելուց հետո:
Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից:
Սույն մասով նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գործողությունների գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:
Այլ հարգելի պատճառների առկայությամբ ևս դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գործողությունների գաղտնիքի պահպանման պարտականությունից:
ՔԿԱԳ մարմնի ղեկավարին և աշխատողին ևս քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կապակցությամբ անձի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, ինչպես նաև դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմիններին՝ հարուցված քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների պահանջով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել