Իրավաբան.net կայքի զրուցակիցն է փաստաբան Լիանա Բալյանի հետ:
– Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
– 2016 թվականը առանձնացավ նրանով, որ այս տարի սկսեցի հաղթանակով և ավարտեցի հաղթանակով. 2016 թվականի դեկտեմբերի 28-ին ես կրկին հաղթանակ տարա, այս անգամ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Կ. Ֆարխոյանի) իմ պաշտպանյալ Սևակ Բալաբեկյանի նկատմամբ որոշում կայացրեց խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Ս. Բալաբեկյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ես անկեղծ ուրախացա, իսկապես սա համարում եմ շատ մեծ ձեռք բերում, որովհետև իմ պաշտպանյալը նոր տարին կդիմավորի ոչ թէ կալանավայրում այլ իր ընտանիքի և մանկահասակ երեխաների հետ միասին» Զինված հանցախմբի գործով ապրիլ ամսին Ազգային անվտանգության ծառայությունը ազատ արձակեց ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանին և դա այն ժամանակ, որ Հայաստանում սկսվել էր ապրիլյան պատերազմը:
– Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):
– Այս տարի այնքան պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած փաստաբաններ կան, որ արդեն չեմ կարող բոլորի անունները թվարկել, որովհետև համարյա ամեն օր մեր փաստաբանները ունեն հաղթանակներ, շատ էին արդարացման դատավճիռները:
– Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
– Այս տարեվերջում ինձ շատ զարմացրեց դատախազի վարքագիծը (փաստաբանի նկատմամբ հարձակում, վիրավորում), որը նա թույլ էր տվել մեր փաստաբանների նկատմամբ: 15.12.2016 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որի անդամն եմ նաև ես հանդես եկանք դատապարտող հայտարարությամբ ակընկալելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազի արարքներին:
– Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
– Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան ես նրան կտայի դատավորի պաշտոն, որպեսզի կայացներ ճիշտ և արդարացի դատավճիռներ:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
– Ես Ամանորի և Սուրբ ծննդյան օրերը նշում եմ միմիայն իմ ընտանիքի հետ միասին: Չեմ սիրում Հայաստանից դուրս օտար վայրում նշելը: Նոր տարին իմ կարծիքով ընտանեկան տոն է, այն պահը, որ քո ընտանիքի անդամները ժամը 12:00-ին շնորհավորում են միմյանց և անհամբեր բացում նվերները, ուրախանում ու անհամբեր սպասում թէ ով է առաջինը բացելու քո տան դուռը և հյուրասիրվելու քո իսկ պատրաստած համեղ ուտելիքներով վեր է ամեն ինչից ու իմ համար շատ արժեքավոր ու երջանիկ պահեր են:
– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
– Ամանորի կապակցությամբ իմ ամենասիրած պահը դեկտեմբերի 31-ին թփով տոլմա պատրաստելն է ու իմիջիայլոց ասեմ, որ մեր տուն եկող հյուրերը բոլորն էլ հավանում են իմ պատրաստած հայկական ավանդական թփով տոլման:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
– Ես 2017 թվականից ակնկալում եմ, որ Ժողովրդի վստահությունը մեծանա դատական համակարգի նկատմամբ, չի լինի կոռուպցիա ,հստակ կգործեն օրենքները, բոլորը հավասար լինեն օրենքի առջև, պաշտպանված լինեն , կհրապարակվեն միմիայն արդար վճիռներ, իսկ խափանման միջոց կալանքները կիրառվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:
– Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
– Ես Ձմեռ պապիկից խնդրել եմ, որ խաղաղություն լինի մեր երկրի համար, մարդիկ միշտ ուրախ լինեն ու ապրեն երջանիկ:
Գ.Թ.