Քիչ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը: Նախագահի ՆՀ-216-Ն հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ. Հովհաննես Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նա ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Ստորև ներկայացնում ենք պարոն Հովսեփյանի կենսագրությունը.
Հովհաննես Աշոտի Հովսեփյան
Ծնվել է 28 հունվարի 1973թ.
Կրթություն
1990-1995թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
1996-1998թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
2002-2003թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն
1996-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
2002-2006թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
2003-2004թթ. – դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2006թ. մարտ – 2007թ. փետրվար – «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր – ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
2007-2008թթ. – ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
2008թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
Պարգևներ և կոչումներ
2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։