Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել հսկողությունը աղբահանության ուղղությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ ամիս այս ուղղությամբ կազմվել է 77 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը և կիրառել կոշտ վարչարարություն:

Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթը բացառելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ սույն իրավախախտման մասով կազմվել է 24 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները հատկապես հանգստյան օրերին, ինչպես նաև մշտական ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքի վերգետնյա և ստորգետնյա անցումներում սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպումը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 6 կրպակ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու խիստ հսկողություն սահմանել բակային տարածքներում ապօրինի առևտրի դեպքերը բացառելու ուղղությամբ:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 2 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն:

Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մշտադիտարկումները և հատկապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, ինչպես նաև անխափան գործում են ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերը: Նշված բոլոր հաստատություններում ապահովված է նաև բժշկական խիստ հսկողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել