Գումարվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը քննարկման ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Օրինագծով հեղինակներն առաջարկում են ԱԺ կանոնակարգի 25-րդ հոդվածի 6.1-րդ մասում ամրագրել դրույթ, ըստ որի` եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:
Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի որոշմամբ` օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո 24 ժամվա ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որոնց ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել սնանկության վարույթում գտնվող պարտապանի գույքի օտարման ավելի կարճ ժամկետներ և պարտապանի դրամական միջոցների տնօրինման արդյունավետության մեծացում:
Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հանձնաժողովը Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ, ինչպես նաեւ` վերացնել ՀՀ Քրեական օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի մի շարք դրույթների միջեւ առկա հակասությունները:
Օրինագծի վերաբերյալ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Այս օրինագիծը ևս արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանն ու կընդգրկվի ԱԺ աշնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրինագիծը քննարկման ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ հեղինակներն առաջարկում են ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը` պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հաստատման մասով:
Այս օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը առարկություններ չներկայացրեց: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին և դրական եզրակացություն տվեցին «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հովհաննես Սահակյանի հեղինակած օրինագծին, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետը՝ տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքը:
Աղբյուրը՝ Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել