ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը օգոստոսի 16-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ վարորդ Նորայր Տոնոյանի: ՃՈ-ն խնդրում էր 500.000 ՀՀ դրամ գումար բռնագանձել քաղաքացուց:
ՃՈ տեսուչի կողմից կազմված արձանագրության համաձայն Նորայր Տոնոյանը «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենան Խորենացի փողոցում ժամը 15:05-ին վարել էր առանց հաշվառման համարանիշի՝ բացակայում էր առջևի համարանիշը, հաշվառման համարանիշը գտնվում էր ավտոմեքենայի սրահում, ինչ համար վարորդը տուգանվել է 100.000 ՀՀ դրամի չափով:
ՃՈ-ն պնդել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով տուգանքի գումարը ավելացել է՝ կազմելով 500.000 ՀՀ դրամ:
Վարորդը, այսինքն՝ պատասխանող կողմը դատարան չի ներկայացել, չի փորձել պաշտպանել իր իրավունքները, մինչդեռ նման դեպքերում պատասխանողի փաստարկները կարող են որոշիչ լինել դատարանի վճռի համար:
Ինչևէ, դատարանը նախ գտել է, որ ՃՈ որոշումը իրավաչափ է, կայացվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան և առկա չէ նշված որոշումը առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու հիմք:
Գործով առկա իրավական և փաստական հանգամանքների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ պատասխանողի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումը, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով և դրա վճարումը սահմանված 60 օրվա ընթացքում չվճարելու հետևանքով այն կարող է ավելանալ 50 տոկոսով՝ կազմելով ընդհանուր 150.000 ՀՀ դրամ:
Համադրելով վերը նշված իրավական հիմնավորումները և փաստական հանգամանքները՝ Դատարանը եզրակացնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի:
Այնպես որ դատավոր Հրաչ Այվազյանը վճռել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հայցն ընդդեմ Նորայր Տոնոյանի՝ 500.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակի:
Նորայր Տոնոյանից հօգուտ ՃՈ-ի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ գումար, մնացած 350.000 ՀՀ դրամի մասով պահանջը մերժել: