Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը չեն կարող օտարվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց` առանց դրանց նպատակային նշանակության փոփոխության

Ըստ կատեգորիայի` բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են պետական արգելոցի, ազգային պարկի, պետական արգելավայրի և բնության հուշարձանի:
Բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծում և դրանց կատեգորիաները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Միջազգային և հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը պետության սեփականությունն են: Ազգային պարկերի ամբողջականությունը և պահպանության ռեժիմը ապահովելու նպատակով դրանց ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում, բացի պետական սեփականության հողերից, կարող են ընդգրկվել նաև այլ սեփականատերերին պատկանող հողեր:
Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները կարող են ստեղծվել նաև համայնքային սեփականություն համարվող հողերում:
Պետական, ինչպես նաև համայնքային սեփականության` բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը չեն կարող օտարվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց` առանց սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց նպատակային նշանակության փոփոխության:
Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների և կառավարման պլանների:
Բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ արգելոցների և ազգային պարկերի արգելոցային գոտիների) պահպանությունը և օգտագործումը կարող են իրականացվել հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում մինչև 10 տարի ժամկետով, որի անցկացման կարգը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը պատվիրակված լիազորությունների ձևով իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
Հողի սեփականատերը կամ օգտագործողը պարտավոր է պահպանել բնության հատուկ պահպանվող տարածքների համար օրենքով սահմանված պահպանության համապատասխան ռեժիմը և օգտագործման կարգը: Վերոգրյալ ռեժիմների պահպանության ապահովումը խթանելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել հարկերի և այլ պարտադիր վճարների վճարման գծով արտոնություններ:
Բնության հատուկ պահպանվող տարածքները պարտադիր հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի, տարածքային հատակագծման նախագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, հողաշինարարական, անտառաշինական և քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերի կազմման ժամանակ:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել