Ո՞ր դեպքերում է իրավաբանական անձը համարվում ԱԱՀ վճարող

Այն իրավաբանական անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից և անհատույց սպառումից հարկվող շրջանառությունը գերազանցել է 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:
Անկախ վերանշյալ պայմանից իրավաբանական անձանց համար վերոնշյալ շեմը կարող է չկիրառվել, – Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Կարեն Քոչարյանը, – եթե իրավաբանական անձը.
– արտադրում կամ ներմուշում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ,
– իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի.
– այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է իրեն.
– իր կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի.
– իր կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), ընդ որում, այս դեպքում կազմակերպություններից ոչ մեկի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կարող տարածվելշ.
– նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի.
– «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առևտրային գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծած` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների (որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և չի գանձվում) իրացման գործարքներից առաջացող հարկվող շրջանառությունը հաշվետու տարվա որևէ պահին գերազանցում է 1 մլն դրամը:
Իրավաբանական անձինք, որոնք, չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել