Համաձայն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օենքի 22-րդ հոդվածի` եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա փորձաքննության արդյունքների մասին ապահովագրական ընկերության կողմից ծանուցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում: Կրկնակի փորձաքննությունն անցկացվում է այն անցկացնելու պահանջ ներկայացրած անձի միջոցների հաշվին: Միևնույն ապահովագրական պատահարի սահմաններում սույն կրկնակի փորձաքննության պահանջ կարող է ներկայացվել միայն մեկ անգամ:
Կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):