Վարորդը հայհոյել և ծեծել է ՃՈ տեսուչին. ինչի՞ց ամեն ինչ սկսվեց

Վարազդատ Կարապետյանն իր կողմից վարած ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկել: Նա գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչները նրան դիտողություն են արել անվայել պահվածքի համար: Այս դիտողությունը զայրացրել է վարորդին, նա վեճի է բռնվել ոստիկանների հետ և բռունցքով հարվածել ՃՈ տեսուչներից մեկին՝ վերջինիս առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս:

Գործը քննել է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանը:

Դատաքննության հետազոտության արդյունքներով` պարզվել է, որ ամբաստանյալ Վարազդատ Կարապետյանը` 2014 թվականի մայիսի 06-ին, գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, իր կողմից վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով դիմացի ուղեմասով երթևեկելիս բախվել է իր առջևից երթևեկող «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենային:

Այդ ժամանակ ՀՀ ոստիկանության ՃՈ-ի տեսուչներն իրենց ծառայություն կատարելիս նկատել են վթարը և մոտեցել: Նույն ժամանակ Վարազդատ Կարապետյանը անհասցե հայհոյել է դեպքի վայրում, ինչի համար տեսուչը դիտողություն է արել նրան և հորդորել, որպեսզի չխախտի հասարակական կարգը: Ամբաստանյալը չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին` շարունակել է իր հակաօրինական պահվածքը` մասնավորապես անհասցե հայհոյանքներ հնչեցնելը: Տեսուչները ցանկացել են ֆիզիկական ուժ կիրառել Վարազդատ Կարապետյանի կողմից հասարակական կարգը խախտելու, իրենց պահանջները չկատարելու և դեպքի վայրը լքել ցանկանալու պատճառով: Վերջիններիս հասցեին հայհոյանքներ տալով, մոտեցել է ՃՈ տեսուչներից մեկին և բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին:

Դատարանը, հիմնվելով դատաքննության ժամանակ հետազոտված, մեղադրանքը գնահատելու համար բավարար ապացույցների վրա և ամբաստանյալ Վարազդատ Կարապետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձևով` 5 տարի ժամկետով: Ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել, դատարանն այն մերժել է:

Ծանուցում: Տեղեկությունը վերցրված է Դատական տեղեկատվական համակարգից, անունները փոփոխված են:

Պատրաստեց Ազնիվ Սիրադեղյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել