Կինը վիճել է ամուսնու հետ և դանակով հարվածել որովայնին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  երրորդ խմբի հաշմանդամ Վարսիկ Կիրակոսյանի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Նախքան վերաքննիչ բողոքը` գործը  քննվել է  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ամբաստանյալի դեմ գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասով: Տուժողը ամբաստանյալի փաստացի ամուսին Կարեն Վարդանյան է: Մեղսագրված արարքում ամբաստանյալը մասնակիորեն ընդունել է մեղքը:

Ըստ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական  ակտի՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, երեկոյան  բնակարանում ամբաստանյալը վիճաբանել է ամուսնու հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նախաքննության ժամանակ Վարսիկ Կիրակոսյանը խոստովանել է, որ դիտավորյալ չի հարվածել ամուսնուն: Ինքը վատառողջ է, հիվանդության սրման փուլում  է եղել, չի հասկացել, թե ինչ է անում:

Ինչպես հայտնի է, պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանը նշանակել է դատահոգեբուժական-դատահոգեբանական հանձնաժողովային համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն`  Վարսիկ Կ-ն հանդիսանում է «անձի հիստերիկ խանգարում՝ տագնապային ու դեպրեսիվ խանգարումներով» ախտորոշմամբ փսիխոպատ անձնավորություն՝ նևրոտիկ մակարդակի հոգեկան գործունեության խանգարումներով: Նա ճանաչվել էր սահմանափակ մեղսունակ:

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալին  մեղավոր է ճանաչել ամուսնու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է  3 տարի 6 ամիս ազատազրկման և վճռել է  հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 70 հազար 74 դրամ  գումար` որպես դատական ծախսեր։

Ամբաստանյալը  վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով  իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, իրական ազատազրկման չդատապարտել իրեն կամ սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ դատարանը` նախագահող Հենրիկ Գադիշի Տեր-Ադամյանի, որոշեց  Վարսիկ Կ-ի վերաքննիչ բողոքները բավարարել:

 ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխել:
Նրա  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը` ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Լ.Մ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել