Օդային փոխադրման համար ուղեւորին տրվում է տոմս, որը հանդիսանում է փոխադրման եւ փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն: Տոմսի բացակայությունը, սխալ լրացված լինելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա:
Տոմսում նշվում են մեկնման վայրը, նպատակակետը եւ թռիչքի ժամը, եթե մեկնման վայրը եւ նպատակակետը գտնվում են միեւնույն պետության տարածքում, եւ նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը:
Ուղեւորին հանձնվում է գրավոր նշում առ այն, որ «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման» կոնվենցիան` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (Վարշավյան կոնվենցիա), եւ համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, եւ որ Վարշավյան կոնվենցիան ու օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունն ուղեւորի մահվան կամ վնասվածքի եւ ուղեբեռի կորստի, վնասվելու կամ ոչնչացման դեպքում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` եթե փոխադրողի համաձայնությամբ ուղեւորն օդանավ է մտել առանց տոմսի, կամ եթե տոմսի հետ ուղեւորին չի հանձնվել փոխադրողի պատասխանատվության մասին նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահելու օրենքով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:
Աղբյուրը` Իրավաբան.net