Օգոստոսի 15-ին դաժան ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին և մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը: Նամակում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք: Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի:
Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ: Հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր խստապահանջությունը նմանատիպ դեպքերի նկատմամբ՝ խնդրում եմ Ձեզ ապահովել ամուսնուս և մեր ընտանիքի անդամների անվտանգությունը»:
Լուսանկարը՝ yerevannews.am-ի