Օգոստոսի 14-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել ՔԿ հիմնարկի հսկիչ-հետքային գոտին, որի սահմանանիշի հատվածում հայտնաբերել են մեկ հատ 0,5 լիտր տարողությամբ թափանցիկ տարա` պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներով:
Առաջին փաթեթում առկա էր 2,7 գրամ քաշով սև կոշտ, յուրահատուկ հոտով զանգված, երկրորդում` 0,9 գրամ քաշով 6 կլոր դեղահաբ, երրորդում` 6,3 գրամ մանրացված բուսական զանգված և 6 գրամ դարչնագույն բուսական զանգված, իսկ չորորդում` 1,8 գրամ դարչնագույն չորացված և մանրացված զանգված:
Նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Հ.-ին հասցեագրված, վերջինիս մոր կողմից բերված հանձնուքում, հայտնաբերել և առգրավել են շաքարավազի հետ խառնած սպիտակ փոշիացված կասկածելի զանգված, ընդհանուրը` 503,5 գրամ քաշով:Վերոբերյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:Փաստերի առթիվ կատարվում է հետաքննություն: